Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել և կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները և կառավարության հետ հարց ու պատասխանները: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը: Սա այն դեպքում, երբ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և կառավարության անդամները… պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է… հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»», – գրում է «Հայկական ժամանակը»: