Հանրային հեռուստառադիոընկերությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի համարում լույս տեսած հոդվածի հետ, որում նշված է, թե Հ1-ը եթեր չի հեռարձակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և նրա ու Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը նախկին խմբագրությամբ սահմանում էին Հանրային հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունների և վարչապետին ու Կառավարության անդամներին տրված հարցերի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրելու դրույթները, որոնք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ՍԴՈ-678 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր:
ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ իրավական նորմերը չեն երաշխավորվում սահմանադրաիրավական անկախ կարգավիճակ ստացած մարմնի` Հանրային հեռուստառադիոընկերության, գործառնական անկախությունը և կառուցակարգային ինքնուրույնությունը և հակասում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Ազգային ժողովն առաջին հերթին պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 27, 83.2 հոդվածների, ինչպես նաև Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (96) 10 հանձնարարականի, դրա բացատրական հուշագրի, Խորհրդարանական վեհաժողովի` Հանրային հեռարձակում թիվ 1641 (2004) 1 հանձնարարականի դրույթներով:
«Հայկական ժամանակ» օրաթերում լույս տեսած հոդվածում վկայակոչված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 4-րդ կետը ներկա խմբագրությամբ սահմանում է, որ պատգամավորների հարց ու պատասխանները և հայտարարությունները ամբողջությամբ պետք է հեռարձակվեն ոչ թե Հանրային, այլ այդ նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված հեռուստառադիոընկերության կողմից:
Հանրային հեռուստաընկերությունն, օգտվելով իր խմբագրական ազատությունից, իր նախաձեռնությամբ հեռարձակում է իր կողմից պատրաստված հաղորդումները ՀՀ ԱԺ նիստերի, պատգամավորների հարց ու պատասխանների և հայտարարությունների վերաբերյալ, որում ներառվում են բոլոր քաղակաքան խմբակցությունները ներկայացնող տարբեր պատգամավորների ելույթներն ու հայտարարությունները, իսկ Հանրային ռադիոընկերությունն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստերը հեռարձակում է ամբողջ ծավալով՝ ուղիղ եթերում», – ասված է պարզաբանման մեջ: