ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարծում է, որ, անկախ ամեն ինչից, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները պետք է առավելագույն ջանքերը գործադրեն կողմերի դիրքորոշումների մերձեցման հարցում:
«Դատելով տիկին Քլինտոնի հետ զրույցներից՝ կարող եմ ասել, որ նա շահագրգռված է օգնել կողմերին շարունակել բանակցային գործընթացը: Նա ակտիվորեն զբաղվում է այդ խնդրով, ինչը շատ կարևոր է: Բայց, միաժամանակ, պետք է ասեմ, որ համանախագահները կարող են միայն նպաստել բանակցային գործընթացի անցկացմանը, սակայն վերջին խոսքը կողմերինն է, ովքեր պետք է գտնեն դիրքորոշումների մերձացման համար հնարավոր կետերը: Հուսով եմ, որ կողմերն ամեն դեպքում կշարունակեն բանակցությունները: Կարծում եմ՝ Թուրքիայի վարչապետ պարոն Էրդողանը կարող է նպաստել այդ գործընթացին: Հակամարտության դիվանագիտական լուծումը ոչ միայն հնարավոր է, այլև արդեն սեղանին է: Համանախագահների և նախագահների միջև համաձայնագիրը իրատեսական տարբերակ է: Եվ կարծում եմ, որ երկու կողմերն էլ կարող են ակտիվորեն շարունակել բանակցային գործընթացը»,- նշել է Բրայզան:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռամիլ Սաֆարովի դեպքը լարվածություն է ստեղծում կողմերի միջև:
Հարցին՝ կարո՞ղ է ապագայում Վաշինգտոնը կամ Նյու Յորքը դառնալ բանակցային գործընթացի հարթակ, Բրայզան ասել է, որ կարևոր չէ, թե որտեղ է բանակցությունների հարթակը, կարևորն այն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել այդ երկխոսության շարունակման հարցում: