Աբովյան փողոցից, ապա Մաշտոցի պուրակից հանված «բուտիկների» սեփականատերերի հարցը դեռևս լուծված չէ, գրում է «Հրապարակը»՝ նշելով, որ նրանց հետ բանակցությունները շարունակվում են:
Սեփականատերերի մի մասը պայմանագրեր ունի, որոնց ժամկետը չի ավարտվել, նաև ծախսեր են արվել, որոնք պետք է փոխհատուցվեն կամ համարժեք տարածքներ առաջարկվեն:
Ամենաշահեկանը Գագիկ Բեգլարյանի եղբոր` Յուրի Բեգլարյանի վիճակն է, գրում է թերթը: Աբովյան փողոցում նրա զբաղեցրած տարածքի 40-50 մետրանոց հատվածը որպես սեփականություն է ձևակերպված եղել, հենց այդ տարածքում էլ վերջինս այս ամռանը սրճարան էր տեղադրել: Իսկ մնացած վարձակալած տարածքի դիմաց Բեգլարյանին մոտ 3000 քմ տարածք է առաջարկվել Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին` «Օրանժ» առողջարարական համալիրի հարևանությամբ:
Թերթի տեղեկություններով՝ մյուս անձանց ևս տարածքներ են առաջարկվել Դալմայի այգիների և Լենինգրադյան փողոցից մինչև ավտոկայան կառուցվող նոր ճանապարհի երկայնքով, սակայն սեփականատերերից ոմանք չեն համաձայնում այդ առաջարկին, քանի որ այս տեղանքը համարժեք չեն համարում իրենց կորցրածին: