Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ապրող քաղաքացիների մեծ մասի կարծիքը Ռուսաստանի մասին դրականից դեպի բացասական է փոխվել, մինչդեռ ռուսաստանցիների կեսը դրական կարծիք ունի ԱՄՆ-ի մասին, իսկ Եվրամիության մասին՝ երկու երրորդը: Այս մասին են վկայում Միացյալ Նահանգների՝ գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund – GMF) կողմից Ռուսաստանում և Թուրքիայում (առաջին անգամ), ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում անցկացված Transatlantic Trends հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները:
Ըստ հարցման արդյունքների՝ ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ Ասիան շատ ավելի կարևոր է Ռուսաստանի ազգային շահերի համար, քան ԱՄՆ-ն կամ Եվրոպան, միաժամանակ գտնում են, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար դերը միջազգային խնդիրների լուծման հարցում հիմնականում անցանկալի է, և միաժամանակ բացասական դիրքորոշում կա ՆԱՏՕ-ի հանդեպ: Այդուհանդերձ, շատերը կարծում են, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան շատ ընդհանուր արժեքներ են կիսում, որոնք թույլ կտան համագործակցել:
Ռուսաստանցիները հակասական կարծիքներ ունեն իրենց սեփական ինստիտուտների մասին, սակայն հարցվածների երկու երրորդը վստահում է նախագահին, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան որևէ այլ ինստիտուտի պարագայում:
Հարևան Թուրքիայում պատկերն այլ է: Թուրքերը դրական կարծիք ունեն իրենց մասին (85%), բայց հակառակ կարծիք ունեն այլ ազգերի մասին: Միևնույն ժամանակ, աշխարհում նույնպես այնքան էլ դրական կարծիք չկա Թուրքիայի հանդեպ:
Թուրքերի համար երկրորդ սիրելի երկիրը Ճապոնիան է (54%), այնուհետև Գերմանիան (48% ), երրորդ տեղում Հարավային Կորեան է (41%):
Թուրքիայի բնակիչների համար երկու առավել բացասական երկրներն են Իսրայելն ու Հունաստանը:
Թուրքերին աշխարհում ամենաշատը սիրում են Ռուսաստանում (61%), Դանիայում (58%), Ռումինիայում (56%) և Բելգիայում (51%):
Ամերիկայի և ԵՄ-ի քաղաքացիները միմյանց նկատմամբ կայուն և համադրելի կարծիք ունեն: 5 ամերիկացիներից 4-ը դրական կարծիք ունի սեփական երկրի մասին: Նրանց մեծ մասը լավ է վեարբերվում նաև Ճապոնիային, Գերմանիային, Իտալիային և Իսպանիային:
Հետազոտությունները կազմված են ԱՄՆ-ում Թուրքիայում, Ռուսաստանում, ԵՄ-ի 12 անդամ պետությունենրում՝ Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Իսպանիայում, Շբեդիայում և Միացյալ Թագավորությունում անցկացված մոտ 1000 հարցազրույցներից: