Ռամիլ Սաֆարովի արտահանձնման նպատակներից մեկը ղարաբաղյան հակամարտության թեժացումն է, ինչից Թուրքիան և Ադրբեջանն ակնկալիքներ ունեն, մասնավորապես, Թուրքիայի՝ Մինսկի խումբ «սողոսկելը»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Բանախոսը նկատել է, որ ՀՀ իշխանությունները պետք է ողջամիտ լինեն և Հարավային Կովկասում ավանտյուրաներ չսկսեն, ինչը, ըստ նրա, ձգտում է հրահրել հակամարտող կողմը:
Սաֆարյանը հիշեցրել է, որ ինքը կողմ է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, սակայն նկատել է, որ պետք չէ դադարեցնել բանակցությունները, որոնք այսօր փաստացի դադարեցված են:
Ըստ Սաֆարյանի՝ ճանաչումը չի կարող պատերազմի ռիսկերը մեծացնել, քանի որ ճանաչումից շատ ավելի անհանգստացնող փաստ կա՝ ԼՂՀ-ն չի գտնվում Ադրբեջանի տարածքում:
Սաֆարյանը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում չեն հնչում կոնկրետ պահանջներ առ այն, որ Ռամիլ Սաֆարովը պետք է հանձնվի միջազգային արդարադատությանը և նրա դեմ կիրառված դատավճիռը պետք է շարունակի կիրառվել: