Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Վահե Ավետյանի գործով դատական նիստը: Մեղադրյալի աթոռին նստած են 6 անձինք՝ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը:
Մեղադրյալներից Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատախազ Արթուր Դավթյանի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ վերջինս նախաքննության ընթացքում կողմնակալ վերաբերմունք է դրսևորել:
Ըստ պաշտպանի՝ փորձագիտական եզրակացության մեջ թերի կետեր կան, մասնավորապես, հայտնի չէ, թե քանի հարված է հասցվել Վահե Ավետյանին և որն է նրա մահվան պատճառը դարձել:
Միջնորդությանը միացել է նաև մեղադրյալներից Դավիթ Ադամյանի շահերի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը:
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և միջնորդություն մերժելու մասին որոշում է կայացրել: Սակայն նիստը չի վերսկսվել. Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը դահլիճ մտնելիս նկատել են, որ քաղաքացիական հագուստով 3-4 անձինք մտել են նիստերի դահլիճ առանց ստուգում անցնելու: Փաստաբանները հարցրել են ոստիկաններին, թե ինչ հիմքով չեն ստուգում ներս մտնողներին, ինչին ի պատասխան ոստիկանները նշել են, որ ճանաչում են այդ մարդկանց՝ «մերոնք են»:
Եգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, ավտնագության նկատառումներից ելնելով, իրենք հրաժարվում են մասնակցել դատական նիստին, քանի դեռ դահլիճում կան մարդիկ, որոնց ինքնությունը հայտնի չէ:
Դատական նիստի մանրամասները կներկայացնենք քիչ անց: