Lոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ընթացել է Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը՝ կապված այս տարվա ապրիլի 16-ին գրասենյակի շենքի վրա հարձակման փաստի առթիվով: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ոստիկանության քննչական բաժինը գործ չի հարուցել, թեև դեպքը քննել է և փաստերին տիրապետում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի միջադեպին, երբ մոտ 200 անձինք իրավապաշտպանական կազմակերպության վրա հարձակվել են, ջարդել պատուհանները, պոկել են գրասենյակի պատերին կախված անհայտ կորած համարվող անձանց վերաբերյալ անգլալեզու պաստառները:
Հարձակման պատճառը եղել է այն, որ գրասենյակում հաջորդ օրը պետք է տեղի ունենար «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, ինչին հարձակվողները դեմ են եղել: Հաշվի առնելով հարձակման փաստը՝ փառատոնի կազմակերպիչ «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» որոշել է չանցկացնել այն:
Երեկ կայացած նիստում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Կարեն Թումանյանը, սակայն, ասել է, որ հարձակման համար ֆիլմերի փառատոնը միայն պատրվակ է եղել, քանի որ վանաձորցիները չունեն որևէ վերաբերմունք ֆիլմերի դեմ, այլապես կտապալեին նաև «Ոսկե Ծիրան» փառատոնը, որտեղ ներկայացվել են և հաղթող են ճանաչվել թուքական ֆիլմեր: Թումանյանը համոզմունք է հայտնել, որ փառատոնը օգտագործվել է որպես պատրվակ իշխանությունների կողմից իրավապաշտպանների վրա ճնշում գործադրելու համար:
Փաստաբանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դատարանին է ներկայացրել նաև միջազգային կազմակերպությունների դատապարտող անդրադարձը միջադեպին, մասնավորապես, Human Rights Watch, Amnesty International, Freedom House կազմակերպությունների քննադատությունը և դեպքի քննության ու մեղավորնեի պատժման հետամուտ լինելու պահանջը:
Դատական նիստը, սակայն չի շարունակվել՝ դատախազի ներկա չլինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին: