ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշում է կայացրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանալու է անկուսակցական Թևան Պողոսյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ հրաժարվում է իր մանդատից:
Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, որ Ավան համայնքը և Նորք Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու կառաջադրվի Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան, եթե ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը մինչև սեպտեմբերի 20-ը հետ չվերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Սաֆարյանը մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններին նույնպես առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում և, պաշտոնական արդյունքներով, զիջել Ռուբեն Հայրապետյանին:
Ռուբեն Հակոբյանը նաև նշել է, որ կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե արդյոք ինչ-որ մեկին առաջադրելու է թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրիի մի մասը և Շիրակի մարզի մի քանի բնակավայրեր: Այս ընտրատարածքում պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով կիրակի դարձել է Գյումրիի քաղաքապետ՝ այսպիսով հրաժարվելով իր մանդատից: