Երեկ ժամը 16.40 սահմաններում Սևանա լճի «Ախթամար» թերակղզու մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Իրանի Իսլամական Հանրապետության ութ քաղաքացիները արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Սևան քաղաքի հիվանդանոցի բուժգծով փոխտնօրեն, վիրաբույժ Արսեն Մարգարյանը: Նրանք հիվանդանոց էին տեղափոխվել գանգուղեղի վնասվածներով և ուղեղի ճնշումներով:
«Տուժածներից երեքի վիճակը կարգավորվել է, տեղափոխվել են Երևան, որտեղ նրանց չեն հոսպիտալացրել: Մնացածին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել: Մեր կողմից ամեն ինչ արվել է՝ հետազոտություններ, ռենտգեն, դեղորայքային օգնություն, այնուհետ, երբ վիճակները կայունացել է, նրանք դուրս են գրվել: Սկզբում միայն վարորդի վիճակն էր ծանր, որը հետո կարգավորվեց», – նշել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ երեկ իրար էին բախվել երկու Scania մակնիշի իրանական պետհամարանիշներով ավտոբուսները, ինչի հետևանքով ութ քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևան քաղաքի հիվանդանոց: