Բրիտանական Բրադֆորդի ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ազգային թանգարանի գիտնականներին հաջողվել է զարմանալի բացահայտում անել կինոյի պատմության մեջ: Թանգարանի արխիվներում նրանք գտել են աշխարհում առաջին գունավոր տեսաձայնագրությունները: Ավելի վաղ ամենահին գունավոր ժապավենը, որի ստեղծման ժամանակ կիրառվել էր Kinemacolour տեխնիկան, 1909 թվականի արտադրություն էր: Այժմ պարզվել է, որ գունավոր ֆիլմերի նկարահանման պրոցեսը հայտնաբերվել է 10 տարի շուտ՝ 1899-ին լուսանկարիչ Էդվարդ Ռայմոնդ Թըրների կողմից: 20-րդ դարի սկզբի Անգլիայի մասին պատմող նրա կարճամետրաժ ֆիլմերը, որոնք նկարահանվել են 1902 թվականին, փոշոտվում էին թանգարանի պահարաններում և միայն այժմ են հայտնաբերվել պատմաբանների կողմից:
Թըրների տոխնոլոգիայի նորույթը նրանում էր, որ ամեն գույն նկարահանվում էր հատուկ լուսային ֆիլտրի միջոցով. համապատասխանաբար, ամեն տեսարան նկարահանվում էր երեք ժապավենի վրա, որոնք միանալիս գունավոր պատկեր էին ստեղծում:
Ցավոք սրտի, պրոեկցիոն համակարգը այդպես էլ ավարտին չի հասցվել: Թըրները մահացել է 1902 թվականին՝ այդպես էլ չհասցնելով տեսնել նկարահանված նյութը: Սակայն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներն օգնել են վերականգնել նկարահանված կադրերը և շարժման մեջ դնել դրանք՝ ապացուցելով, որ Թըրների մեթոդն աշխատում է:
Այսօր աշխարհի առաջին գունավոր ֆիլմը, որում պատկերված են գյուտարարի՝ արևածաղիկների հետ խաղացող երեխաները, կարելի է դիտել Բրադֆորդի թանգարանի գրադարանում: