Home / Տեսանյութեր / Հայ երիտասարդը ընկերուհուն փախցնելու ժամանակ պարզել է, որ նա ամուսնացած է և երեխաներ ունի

Հայ երիտասարդը ընկերուհուն փախցնելու ժամանակ պարզել է, որ նա ամուսնացած է և երեխաներ ունի

Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 24-ամյա Վահե Սիսակյանը  ամուսնության նպատակով առևանգել է Նաիրա Նորիկյանին և ավելի ուշ պարզել, որ նա շուրջ 5 տարի է՝ ամուսնացած է և ունի 2 երեխա (տուժողի և ամբաստանյալի անուն-ազգանունները փոխված են ներկայացված): Այս մասին այսօր գրում է News.am-ը:

Արարատի և Վայոց  Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից կայքին տեղեկացրել են, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: Ամբաստանյալ Վահե Սիսակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2009 թվականին, հեռուստահաղորդման շրջանակներում, ծանոթություններ հաստատելու համար, իր հեռախոսահամարը փոխանցել է հեռուստաեթեր: Որոշ ժամանակ անց իր հեռախոսին զանգ է եկել, և ինքը նշված համարով հետ զանգահարելով, ծանոթացել է Նաիրայի հետ: Նաիրան  իրեն ներկայացել է այլ անունով և ասել, որ բնակվում է Երևան քաղաքի 15-րդ թաղամասում: Դրանից հետո շուրջ երկու տարի իրենք շփվել են հեռախոսազանգերով, ընթացքում 4-5 անգամ հանդիպել են Արտաշատ քաղաքում: Ինքը համակրել է Նաիրային, եղել են նորմալ հարաբերությունների մեջ, նպատակ է ունեցել ամուսնանալ նրա հետ ու համատեղ կյանքով ապրել, իսկ հեռախոսով շփվել են գրեթե ամեն օր:

Հերթական հեռախոսազանգի ժամանակ Նաիրան հայտնել է իրեն, որ նրա ծնողները դեմ են իրենց հարաբերություններին և որոշել են նրան ուղարկել Ռուսաստան: Որոշել են հանդիպել ու հրաժեշտ տալ միմյանց: Արտաշատ քաղաքի ավտոկայանի մոտակայքում հանդիպել է Նաիրային և խնդրել  տաքսու վարորդին, որ իջնի մեքենայից ու իրենց մենակ թողնի, որ զրուցեն: Ավտոմեքենայի մեջ զրուցելու ժամանակ սկսել է համոզել կնոջը, որ Ռուսաստան չմեկնի ու գնա իր հետ, քանի որ սիրում է նրան, սակայն աղջիկը չի համաձայնվել` ասելով, որ թող մնա մեկ ուրիշ անգամ: Ինքը, հաշվի չառնելով նրա կարծիքը, տաքսու վարորդին պատվիրել է նստել ու վարել ավտոմեքենան դեպի Տավուշի մարզ: Նաիրայի  կողմից ոչ մի աղմուկ չի եղել, նա չի ըմբոստացել: Արտաշատից շարժվելուց մոտ 20 րոպե անց Նաիրան ասել է, որ իր անունը այլ է,  ցույց է տվել իր երեխաների նկարներն ու ասել, որ նա ամուսնացած է, ունի երեխաներ, սակայն երիտասարդը չի հավատացել` մտածելով, որ նկարում նրա եղբոր երեխաներն են: Զանգահարել է Նաիրայի եղբոր կնոջը, ով հաստատել է, որ Նաիրան ամուսնացած է: Աղջկա հայրը ևս հաստատել է: Վահեն, համոզվելով, որ Նաիրան ամուսնացած է, ասել է, որ եղանակային վատ պայմանների  պատճառով հաջորդ օրը նրան կվերադարձնի և այդպես էլ արել է:

Իսկ Նաիրան իր ցուցմունքում ասել է, որ 2 տարի առաջ ամուսնու հորեղբոր աղջիկը իր բջջային հեռախոսից զանգահարել է ինչ-որ բջջային հեռախոսահամարի, սակայն նշված համարից ոչ ոք չի պատասխանել: Դրանից մի քանի ժամ անց, նշված հեռախոսահամարից իր բջջային հեռախոսին զանգ է եկել, զանգահարողը հայտնել է, որ Վահեն է, որին ինքը մինչ այդ չի ճանաչել: Վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում ծանոթացել է, որից հետո իրենց միջև շարունակվել են հաճախակի հեռախոսազրույցները, և շուրջ երկու տարի իրենք շփվել են միմյանց հետ, որի ընթացքում 4 անգամ Արտաշատ քաղաքում հանդիպել ու զրուցել են, սակայն ամաչելով չի հայտնել իր ամուսնացած լինելու մասին մինչև վերջին զարգացումները:

Քննելով գործը Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Վահեին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և մնացել է անփոփոխ: Իսկ սեպտեմբերի 10-ին վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում: