Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը խախտում է արձանագրել «Մանգո» խանութների ցանցում: Ինչպես այսօր նշվել է Հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ ՏՄՊՊՀ-ը թեժ գծի միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից՝ կապված այն փաստի հետ, որ հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը:
Հանձնաժողովը մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում և խախտում է արձանագրել «Մանգոյի» ցանցում:
«Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50 % զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցուցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը: ՏՄՊՊՀ-ը անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների առկայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում», – նշում է Հանձնաժողովը:
Քանի որ անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա, Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը: