Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Տերյան 23, 25 Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկինի 40 շենքերի բնակիչների հայցը՝ համարելով, որ այդ շենքերի բակում իրականացվող շինարարությունը օրենքի սահմաններում է և ոչ մեկին չի խանգարում: Նշենք, որ բնակիչները պահանջում էին դադարեցնել իրենց շենքերի անմիջական հարևանությամբ «Լոքալ դիվելոփերս» ընկերության կողմից կառուցվող բարձրահարկ շենքի կառուցումը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, բնակիչները մտավախություն ունեն, որ Հյուսիսային պողոտայում գտնվող իրենց հին շենքերը կարող են քանդել և նրանք սեփական ուժերով և գումարներով վերանորոգում են շենքի դիմային հատվածը:
«Որովհետև հերթական անգամ քաղաքապետարանը հրաժարվեց վերանորոգել, որ բնականաբար տեսքը մնա անբարեհունչ, որ հարմար լինի վերացնել: Առաջին երկու հարկերի աշխատանքը արվածը, սվաղվել ու ներկվել է շենքը դրսի հատվածը, ինչպես նաև վերանորոգվում են պատշգամբները, որոնք քանդված էին: Բավականին էլ մեծ գումարներ են ծախսվում, մենք այստեղ թոշակառուներ էլ ունենք, բայց մարդիկ իրենց բերանից կտրել են ու տվել են նրա համար, որովհետև մենք ունենք նպատակ ու հասկանում ենք, թե ինչ է այստեղ կատարվում»,- ասել է Վարդան Գերավետյանը: