ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, ասել է, թե չի կիսում այդ առիթով ոմանց ոգևորությունը:
Փաշինյանը նշել է, որ դատապարտող ֆորմալ շեշտադրումների բարձրագոչ ֆոնի տակ բանաձևում թաքնված են տեղի ունեցածի օրինականացումը ապահովող կոնկրետ ձևակերպումներ:
Մասնավորապես, բանաձևի «C» կետում ասվում է. «Հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի` Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը ներում է շնորհել նրան՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի համապատախան»:
Բանաձևի «3» կետում ասվում է. «Համարում է (Եվրոխորհրդարանը), որ թեպետև Ռ. Սաֆարովին նախագահական ներում շնորհելը համահունչ է Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի տառին, այն հակասում է այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը բանակցվել է մեկ պետության տարածքում դատապարտված անձանց մեկ այլ պետության տարածքում պատժի մնացած մասը կրելու համար արտահանձնման հնարավորություն տալու համար»:
«Այսպիսով, Եվրոխորհրդարանի բանաձևի ասելիքը կարող ենք ամփոփել այսպես. Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը համապատասխանում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի տառին, բայց չի համապատասխանում կոնվենցիայի ոգուն: Եթե որևէ մեկը կարող է ցույց տալ, թե այդ որ բարձրագույն ատյանն է ընդունում կոնվենցիայի «ոգին» և ով կարող է դրանում փոփոխություններ կատարել, և ով կարող է դատական կարգով վիճարկել որևէ իրավական ակտի «ոգուն» չհամապատասխանող որևէ որոշում, ես կհամարեմ, որ այս բանաձևից հետո ոմանց ոգևորությունը տեղին է: Բանաձևն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակելը օրինական քայլ է, բայց այնքան էլ սիրուն բան չէ, մանավանդ որ Ադրբեջանում նրան հերոսացրել են: Նմանօրինակ կոնֆետներով սովորաբար մեծերը խաբում են երեխային: Տվյալ դեպքում մեծը Եվրամիությունն է, փոքրը Հայաստանը: Եվ որքան հասկանում եմ հայտարարություններից, Հայաստանում ոմանք սիրահոժար ընդունել են կոնֆետը, ինչն առնվազն զավեշտալի է: Այս բանաձևը ցույց է տալիս մեր արտաքին քաղաքանության փլուզված վիճակը, որի ֆոնին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի «սիգապանձ ձևերը» կլոունադայի են նման»,- Փաշինյանի խոսքերն է փոխանցում Nikol.am կայքը: