Օգոստոսի 20-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում տեղի ունեցած մետաղյա խողովակաշարի վթարի պտճառած վնասները կազմում են 294 հազար դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության կայքը՝ ընդգծելով, որ այդ գումարն արդեն կոմբինատի կողմից փոխանցվել է պետական բյուջե:
Նախարարությունը նշում է, որ վթարի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք:
Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների և խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան:
«Ապարախյուսով աղտոտված տարածքն անմիջապես ընկերության կողմից մաքրվել է և լվացվել, իսկ շուրջ 7մ3 կոշտ մնացորդ տեղափոխվել է վթարային ավազան: Նշված աղտոտված տարածքի համար բնապահպանական վնաս չի հաշվարկվել, քանի որ արդյունաբերական և տրանսպորտային նշանակության հողերի աղտոտման դեպքում վնասի հաշվարկ չի նախատեսված», – նշում է նախարարության կայքը: