Այսօր Աֆղանստանում թալիբները հարձակվել են ՆԱՏՕ-ի ռազմակայանի վրա: Արդյունքում երկու ամերիկացի զինվոր է զոհվել:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ շաբաթ ռազմակայանի վրա իրագործված հարձակումը Սեմ Բեզիլի «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատասխանն էր, հայտնում է Reuters-ը:
«Հարձակման նպատակը Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի համար ամերիկացիներից վրեժ լուծելն էր», – հայտարարել է թալիբների մամուլի քարտուղար Քարի Յուսուֆը:
Միևնույն ռազմակայանում ծառայության մեջ է գտնվում բրիտանացի արքայազն Հարրին, վերջին տվյալներով, նա չի տուժել: Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը նրանց գլխավոր թիրախն էր:
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում արդեն մի քանի օր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել է դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ: