հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ստամբուլում հանձնեցին Հրանտ Դինքի անվան ամենամյա մրցանակը

Ստամբուլում հանձնեցին Հրանտ Դինքի անվան ամենամյա մրցանակը

Երեկ Ստամբուլում թուրքահայ լրագրող, հասարակական գործիչ, 2007 թվականին ազգայնամոլի կողմից սպանված Հրանտ Դինքի 58-րդ ծննդյան օրը հանձնվեցին Դինքի անվան ամենամյա մրցանակները:

Թուրքիայից մրցանակը ստացավ Իսմայիլ Բեշիքչին, իսկ Դինքի միջազգային մրցանակը շնորհվեց ռուսաստանյան «Մեմորիալ» միջազգային կենտրոնին:

Հասարական գործիչ Իսմաիլ Բեշիկչիին մրցանակը հանձնել են Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, և լրագրող Էտյեն Մաչուպյանը, ով Դինքի հետ միասին ղեկավարել է հայ-թուրքական «Ագոս» շաբաթաթերթը: Բեշիքչիին մրցանակը հանձնվել է քրդական հարցի հասարակական և քաղաքական լուծմանն աջակցելուն ուղղված ջանքերի համար: Բեշիքչին մշտապես սպառնալիքներ է ստանում, բայց շարունակում է ելույթներով հանդես գալ և գրքեր հեղինակել կապված Թուրքիայի համար կարևորագույն խնդրի մասին:

«Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի անունից մրցանակը ստացել է կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Չերկասովը: 90-ական թվականներից ի վեր «Մեմորիալն» աշխատել է մարդու իրավունքների ոլորտում՝ բարձրաձայնելով ոչ միայն անցյալի, այլ նաև ներկայում տեղի ունեցող խնդիրները, սատարելով ներգաղթյալներին, պատերազմից տուժածներին, փախստականներին:

««Մեմորիալը» կանգնած է նրանց կողքին, ովքեր պայքարում են սեփական գաղափարների համար, և ռիսկի է դիմում մարդու իրավունքները պաշտպանելու համար», – նշված է Հրանտ Դինք հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Թուրքիայից մրցանակին արժանացավ «Թարաֆ» թերթի խմբագիր Ահմեթ Ալթանը, իսկ Դինքի միջազգային մրցանակը հանձնվեց մեքսիկացի իրավապաշտպան, կանանց իրավունքների համար պայքարող Լիդիա Կաչո Ռիբեյրոյին: