Home / Հայաստան / «Սերժ Սարգսյանը շոու էր կազմակերպել». Արամ Կարապետյանը կմասնակցի նախագահական ընտրություններին

«Սերժ Սարգսյանը շոու էր կազմակերպել». Արամ Կարապետյանը կմասնակցի նախագահական ընտրություններին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հաստատապես մասնակցելու է 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ գիտի, թե անպատճառ խնդիրներ է ունենալու գրանցվելու հետ կապված:

Թե կոնկրետ ինչի հետ կարող են կապված լինել այդ խնդիրները, Կարապետյանը չի մանրամասնել:

Խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին՝ Արամ Կարապետյանը նշել է, որ վերջինս շաբաթ օրը Կառավարությունում անցկացված խորհրդակցությունը վերածել է շոուի:

Կարապետյանի խոսքով՝ այդ շոուն կարող էր ավելի լավ կազմակերպված լինել:

««Դու»-ն  (նկատի ունի «դու»-ով դիմելը) և ախպերությունը խորհրդակցության թեմա էին դարձել» , – ասել է ՆԺԿ նախագահը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այժմ մտորում է կառավարությունը փոփոխելու մասին:

Արամ Կարապետյանը հայտարարել է, որ քիչ է հավատում վերջին շրջանում տարածված այն ասեկոսեներին, թե Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը կարող են համագործակցել և այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է նախագահական ընտրապայքարի մեջ մտնել միայն եթե դրսից պահանջարկ լինի, որը Կարապետյանն այս պահին չի տեսնում: