Մոսկվայի Քրիստոս փրկիչ եկեղեցում 62-ամյա տղամարդը թանաք է լցրել սրբապատկերի վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», տղամարդու անունն է Յուրի Պիոտրովսկի, ով ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն ներկայումս բնակվում է Գերմանիայում:
Ձերբակալությունից հետո տղամարդը հայտարարել է, որ հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառման մեջ է գտնվում, սակայն դա ճշտել դեռևս չի հաջողվել: Պիտրովսկին իր քայլը Ռուս ուղղափառ եկեղեցու և Pussy Riot փանկ խմբի հարցում նրա ունեցած դիրքորոշման դեմ բողոքի ակցիա է անվանել:
2012 թվականի փետրվարին Pussy Riot-ի խմբի անդամները Քրիստոս Փրկիչ եկեղեցում փանկ աղոթք էին հղել Մարիամ Աստվածածնին՝ խնդրելով «վտարել Պուտինին»: Տեղի ունեցածը ուղղափառ եկեղեցու կողմից խիստ քննադատության էր արժանացել:
Ավելի ուշ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը երկուական տարվա ազատազրկման էին դատապարտվել խուլիգանության համար: Իրավապաշտպանները դատարանի այդ քայլը քաղաքական հետապնդում են համարում: