«Սև ցուցակների» մասին օրենքը դեռևս չի սկսել գործել, իսկ Ռուսաստանի կապի և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արդեն «լրջորեն խորհուրդ է տալիս» կապի օպերատորներին համացանցի ռուսաստանյան օգտատերերի համար փակել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հասանելիությունը: Ավելի լավ գովազդ ֆիլմի համար հնարավոր չէ երևակայել, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում գրում է «Ռուսաստանի պիրատական կուսակցության» ներկայացուցիչ Պավել Ռասսուդովը՝ անդրադառնալով նոյեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտնող կայքերի «սև ցուցակների» մասին օրենքին, որի արդյունքում ՌԴ տարածքում կարող է արգելվել YouTube վիդեոհոսթինգը:
«Կատակը կատակով, բայց այդ ֆիլմի պատճառով նոյեմբերի 3-5-ից Ռուսաստանի տարածքում կարող են ամբողջությամբ արգելափակել YouTube-ը», – այս մասին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կապի նախարարության ղեկավար Նիկոլայ Նիկիֆորովը:
«Դուք ասում եք, որ նման բան հնարավոր չէ: Ինչ հիմարություն: Հիմարություն է, թե ոչ, բայց երեկ Բանգլադեշի կառավարությունն արդեն արգելափակել է YouTube-ը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով», – հավելում է Ռասսուդովը:
Նշենք, որ YouTube-ն ավելի վաղ հրաժարվել էր համացանցից վերացնել մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատների վրա մահմեդականներից կողմից իրականացվող հարձակումների պատճառ դարձած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը՝ նշելով, որ այն չի հակասում վիդեոհոսթինգի կանոններին: Այս առնչությամբ մի շարք երկրներ իրենց նախաձեռնությամբ սկսել են արգելափակել YouTube-ը օգտատերերի համար:
Ռուսաստանցի բլոգերները նշում են, որ այս քայլը կարող է երիտասարդների շրջանում բողոքի ալիք բարձրացնել, քանի որ հակասում է խոսքի ազատությանը: