Այսօր օրերին Հայաստանում անցնող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ-ի զորավարժությունները շատ ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան մեր երկրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Հայաստանի համար դրանք նույնպես կարևորվում են երկու պատճառներով. առաջին հերթին, սա այն ուղիներից է, որով Հայաստանը կարող է ուղերձ հղել Ադրբեջանին, և հիշեցում, որ Հայաստանը ամենաուժեղ պետությունն է տարածաշրջանում:
«Սա կլինի հիշեցում Ադրբեջանի այն պաշտոնյաների համար, որոնք պատրաստվում են պատերազմի, և կպարզվի, որ եթե անգամ Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա կպարտվի:
Երկրորդ պատճառն այն է, որ զորավարժությունները ցույց են տալիս՝ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է: Սա նաև ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է և խնդիրն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է վերաբերվի որպես հավասար և գործընկեր պետության», – ասել է Կիրակոսյանը:
Քաղաքագետը նշել է, որ զորավարժություների կապակցությամբ Վրաստանի անհանգստությունը միանգամայն արդարացված է:
«Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ահաբեկում է Վրաստանին՝ հատկապես այն պարագայում, երբ Վրաստանում հոկտեմեբրի 1-ին տեղի կունենան ընտրություններ: Դա Ռուսաստանի շահերից է բխում և այդ երկիրն իր ազգային շահն է հետապնդում: Նույն տեսանկյունից կարող ենք ասել, որ վրացական մատհոգությունը ևս տեղին է», – ասել է Կիրակոսյանը:
Քաղաքագետը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է հավասարակշռող դիրք ունենա, հավասարակշռի հարաբերությունները և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ: