Վորոնեժում բնակվող երեխային սոցիալական ծառայությունները տեղափոխել են ինտերնատ համացանցից կախվածություն ունենալու պատճառով: Սոցծառայությունները երեխային վերցրել են ծնողներից այն բանից հետո, երբ երեխան թողել է դպրոցն ու մեկ ամիս համակարգչի առջև անցկացրել:
Ինչպես նշում է Lifenews.ru-ն, պարզվել է, որ նա հոգեբանական խանգարման զոհ է դարձել: Առաջինը երեխայի մասին սոցծառայություններին հայտնել են ուսուցիչները, քանի որ երեխան դադարել է դպրոց հաճախել: Երբ սոցծառայության աշխատակիցները եկել են երեխայի ծնողների տուն, նրան հայտնաբերել են համակարգչի առջև նստած: Որոշում է կայացվել երեխային ինտերնատ տեղափոխել: Այժմ քննարկվում է երեխայի մորը ծնողական իրավունքներից զրկելու հարցը, նա հիվանդ է, իսկ պապիկը 74 տարեկան և չի կարողանում որևէ բան արգելել երեխային: Ըստ սոցծառայության աշխատակիցների՝ այս իրավիճակում երեխայի համար շատ ավելի ճիշտ է հատուկ վերահսկողության տակ լինել: