ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին:
Հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են:
«Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են Հայաստանի զարգացումները: Իհարկե, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011-ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011-ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ:
Համադուն Թուրեի խոսքով՝ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել: ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011-ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկասում առաջինն է եղել: