«Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է աշխատավարձ չեն ստանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Աշխատավարձ չստացողների թվում են հեռուստաընկերությունում աշխատող հավաքարարները, տեխնիկական անձնակազմը` մոնտաժողները, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամները: Թերթի տեղեկություններով` աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ զանգահարում են հեռուստաընկերություն` պարզելու, թե ինչն է աշխատավարձի ուշացման պատճառը, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:
«Ժողովուրդը» փորձել է «Շանթի» հասարակայնության և տեղեկատվության բաժնից պարզել, թե ինչու են ուշացնում աշխատավարձերը, սակայն մի քանի օր շարունակ գրավոր հարցումները պատշաճ պատասխանի չեն արժանացել: Թերթը հավելում է, որ «Շանթ»-ում նման իրավիճակները հաճախ են կրկնվում: