Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին:
«Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերաշահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որևէ առիթ չկա»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բադրամյանը: Ահաբեկչական խմբի և հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չի հաջողվել», – գրում է թերթը:
«ՀԺ»-ն նշում է, որ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ: ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են զորանոցային ռեժիմի պայմաններում: