ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանի, իր քրոջ ամուսնու՝ Ա. Խաչատրյանի, ինչպես նաև կնոջ քրոջ ամուսնու՝ Բ.Մուրադյանի հետ 2007-2008թթ. խարդախությամբ պետությունից հափշտակել են ավելի քան 15 մլն դրամ կենսաթոշակի գումարներ: Դա ապացուցվել է Խաչատրյանի դեմ հարուցված գործի շրջանակներում, հաղորդում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:
Բաժնի պետը կենսաթոշակառուների շտեմարաններից ընտրել և առանձնացրել է տևական ժամանակ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների և նրանց վճարման ենթակա գումարների տվյալները, ապա նրանց անունից, իբրև տարածքից բացակայողների, ներկայացրել է կեղծ դիմումներ՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու և կուտակված գումարները ստանալու վերաբերյալ, իսկ քրոջ ամուսինն ու կնոջ քրոջ ամուսինը, ներկայանալով որպես կենսաթոշակառուների վստահված անձինք, խաբեությամբ ստացել են այդ գումարները:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի գործը մեկն է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում խախտումների, հայտնաբերված չարաշահումների 24 դեպքերից, որոնցում կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 72.204.048 մլն ՀՀ դրամ:
24-ից 3 գործերը ուղարկվել են դատարան և մեղադրական դատավճիռներ են ստացել: Միայն այդ 3 գործերով պետության պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 14 մլն դրամ:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: