Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը երեքշաբթի բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին սեպտեմբերի 14-ին Մոսկվայում «ռուս-հայկական միության» կողմից կազմակերպված Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ելույթի կապակցությամբ:
Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել «սադրիչ, հրահրող և ահաբեկչության անպատասխանատու կոչերի, ազգային ատելության և ադրբեջանական ազգի հանդեպ թշնամություն սերմանելու կապակցությամբ»:
Դեսպանին ասվել էր, որ «Ժիրինովսկու հայտարարությունների անպատասխանատվությունը ստվեր է գցում երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության վրա», հաղորդում է Contact.az-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի կայացած հանրահավաքի ժամանակ Ժիրինովսկին իր վրդովմունքն էր հայտնել Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ. «Այդ ով է լսել, որ սպանության համար աշխատավարձ տան»,- հայտարարել էր Ժիրինովսկին:
Նա նաև հիշեցրել էր Օսմանյան Կայսրության օրոք տեղի ունեցած Ցեղասպանության մասին. «Օգտվելով նրանից, որ ողջ աշխարհը Առաջին համաշխարհայինի իրադարձություններով է զբաղված, Թուրքիան իր խնդիրներն էր լուծում»:
Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, ստեղծված իրականության պայմաններում հայերը պետք է «ուղեղով գրավեն» և պաշտպանեն իրենց: Այդուհանդերձ, Ժիրինովսկին վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում 100%-ով կպաշտպանի Հայաստանին: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը պետք է մեծացնի իր ռազմական ներկայությունը Հայաստանում և օգնի զինել հայկական բանակը, ամրացնել սահմանների պաշտպանությունը, որպեսզի «միայն զորքի տեսքից թուրքերը նահանջեն»:
Լիբերալ դեմոկրատների առաջնորդը միաժամանակ կոչ էր արել հայ օլիգարխներին ժլատ չլինել և իրենց ունեցած միջոցներն ուղղել երկրի զինված ուժերի հզորացմանը: «Ես ասում էի Քադաֆիին, նախազգուշացնում էի, որ անհրաժեշտ է փակել երկինքը, С-500, С-600 գնել: Նա ինձ չլսեց, ժլատություն արեց: Հայ օլիգարխներ, պետք չէ ժլատություն անել: Անհրաժեշտ է օգնել, որպեսզի Հայաստանը ժամանակակից բանակ ունենա»,- հայտարարել էր նա:
Լուսանկարը՝ Regnum-ի