Home / Տեսանյութեր / Սիրիայի ընդդիմությունը գրավել է Թուրքիայի հետ սահմանի անցակետը

Սիրիայի ընդդիմությունը գրավել է Թուրքիայի հետ սահմանի անցակետը

Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակի և կառավարական զորքերի միջև բախումների արդյունքում ամստամբներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանին տեղակայված Թել-Աբիադ հսկիչ-անցագրային կետը, հայտնում է Hurriyet պարբերականը:

Ըստ պարբերականի՝ ապստամբները հսկիչ անցագրային կետից պոկել են երկրի պետական դրոշը և սեփականն են տեղադրել: Հաղորդվում է, որ սահմանային կետը գրավելու համար պայքարն ընթանում էր նախորդ օրվանից:

Նշվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Ժամանակավորապես դադարեցվել է սահմանամերձ գոտում գտնվող դպրոցների և այլ սոցիալական օբյեկտների գործունեությունը:

Հիշեցնենք, որ արդեն մեկուկես տարի է Սիրիայում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինված ապստամբների միջև: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 20 հազարի, ավելի քան 230 հազարը փախստականի կարգավիճակում է գտնվում, մոտ 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմադրում են լավ զինված գրոհայինները: