Ֆրանսիական երգիծական քաղաքական Charlie Hebdo շաբաթաթերթը չորեքշաբթի թողարկված համարում հրապարակել է Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները: Թերթի այս քայլը քննադատության է ենթարկվել ֆրանսիական իշխանությունների կողմից, ովքեր իրավապահ մարմիններին ուղարկել են հսկելու շաբաթաթերթի գրասենյակները՝ մահմեդականների հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:
Այսօր «Անձեռնմխելիները 2» խորագրով լույս տեսած շաբաթաթերի շապիկին պատկերված է մահմեդական տղամարդ հաշմանդամի սայլակում, որին օգնում է օրթոդոքս հրեան: Իսկ Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները պատկերված են շաբաթաթերթի էջերին: Վաճառողների խոսքով՝ շաբաթաթերթի նոր համարը սովորականից արագ է վաճառվում: Նշենք, որ Ֆրանսիայում 4 մլն մահմեդական է ապրում:
Charlie Hebdo-ում Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարների հրապարակումը տեղի է ունենում Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի մահմեդական երկրներում զանգվածային անկարգությունների ֆոնին: Հիշեցնենք, որ մահմեդական երկրներում հարձակումներ են տեղի ունենում ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսարանների վրա համացանցում տարածված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով: Իսկ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել էր դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ:
Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Charlie Hebdo-ն անդրադառնում մահմեդականությանը և Մուհամեդ Մարգարեին: 2011-ին շաբաթաթերթը հարձակման էր ենթարկվել մահմեդականների կողմից Մուհամեդ Մարգարեին որպես թերթի հերթական համարի գլխավոր խմբագիր ներկայացնելու համար: Շաբաթաթերթի շապիկին պատկերված էր եղել Մարգարեն, ով սպառնում էր ընթերցողներին. «100 մտրակի հարված, եթե չծիծաղեք»: