Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր կառավարության շենքի մոտ ակցիայից հետո տաքսիներով եկել են ԱԺ, որպեսզի չուշանան իրենց հետ պայմանավորված ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ հանդիպումից: Պատգամավորը, սակայն, հանդիպմանը չի ներկայացել:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, նման անուշադրությունը հարուցել է ծնողների զայրույթն ու վրդովմունքը, և նրանք որոշել են բողոքի ակցիան շարունակել նախագահական նստավայրի մոտ: Ծնողները նշել են, թե պատգամավորի համար չէր կարող ավելի կարևոր գործ լինել, քան զոհված զինվորների ծնողների հետ հանդիպումը:
Նշենք, որ Մարգարիտ Եսայանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է. նա ստացել էր ծնողների դիմումը՝ զինվորների մահվան հանգամանքների պարզելու համար ժամանակավոր հանձնաժողող ստեղծելու պահանջով:
Երբ ծնողները սկսել են ակցիան նախագահականի դիմացի մայթին, շենքում մեկնարկել է տարբեր ոլորտների գործիչների պարգևատրման արարողությունը՝ Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի հետ կապված:
«Մենք մտադիր չէինք գալ նախագահական, ինչի պետք է գայինք՝ տեսնելու, թե մեր որդիների սպանած զինվորականներին ոնց են պարգևատրո՞ւմ: Ուղղակի հիմա սպասելու ենք, մինչև դուրս գան: Ինչքա՞ն կարող են փախնել մեզնից»,- Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Չնայած պարգևատրման մասնակիցների շարքում զինվորականներ են եղել, նրանք բողոքողներին չեն մոտեցել, իսկ ոստիկանները թույլ չեն տվել ծնողներին անցնել փողոցը և ակցիան շարունակել նախագահականի դարպասների մոտ:
«Պաշտպանության բանակի հրամանատար ես Ղարաբաղում, Մոսո՛, դուրս արի, իմ էրեխուն սպանել ես, Մոսո (Մովսես Հակոբյան, գեներալ-լեյտենանտ, ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար – խմբ.)», – գոռում էին ծնողները:
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ու 2010 թվականին բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել են անցնել դեպի նախագահական, սակայն ոստիկանները ուժ են գործադրել՝ բռնելով Մուրադյանի կոկորդից, իսկ Գասպարին գցել գետնին:
Մուրադյանը սկսել է գոռալ՝ պահանջելով, որպեսզի «կառավարական օբյեկտից պարտավոր են դուրս գալ ու պատասխան տալ էրեխեքի սպանության համար»:
«Չեք մարսելու: Ոնց իմ էրեխուն սպանել են, նույն ձևով նրան սպանողը պիտի պատժվի, պիտի իրան կախեն: Էդ դատը ինձ ձեռք չի տալիս, մի դռնով մտցնում են, մյուս դռնով հանում», – ասել է ծնողը:
2011 թվականին զոհված Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, անուշադրությունից զայրացած, հայտարարել է, որ իրենք պետական նման միջոցառումները պետք է հարամ անեն, քանի որ ամենակարևոր հարցին՝ զինվորների մահվան հանգամանքների բացահայտմանը, միայն խոստումներ են լսում:
Ծնողներն ավարտել են ակցիան նրանից հետո, երբ նախագահակնի հյուրերը հեռացել են: