«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Մեծ ֆուտբոլից հեռանալու կապակցությամբ Հովսեփյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում» և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:
Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության և գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին ի դեմս՝ Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որի հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին: Շնորհակալ եմ հավաքականում հանդես եկած իմ բոլոր խաղընկերներին՝ որոնց հետ միասին երկար տարիներ պաշտպանել եմ մեր երկրի պատիվը: Շնորհակալություն ֆուտբոլասերներին, որնոք աջակցել են մեզ:
Կցանկանայի նաև հիշել և երախտագիտության խոսքեր ասել ռուսական «Զենիթ» և «Տորպեդո» ակումբների հասցեին, որտեղ անց եմ կացրել իմ կարիերայի մի քանի անմոռանալի տարիներ:
Ես երջանիկ եմ, որ այսքան երկար տարիներ եղել եմ ֆուտբոլում: Մեծ հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին, մեր հայկական ֆուտբոլին և իմ հարազատ «Փյունիկին»»:
Սարգիս Հովսեփյանը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 2-ին: Նա հայաստանյան ֆուտբոլի առաջին իսկ օրերից՝ 90-ականների սկզբից, խաղում է Հայաստանի ազգային հավաքականում: Այս տարիների ընթացքում նա Հայաստանի համար ռեկորդային 131 խաղ է անցկացրել ազգային թիմում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
1990-1991 թվականներին հանդես է եկել «Մալաթիայում», 1991-1992թթ.՝ «Լոռիում», 1992-1998թթ.՝ «Փյունիկում» (սկզբում՝ ՀՄԸՄ), 1998-2003թթ.՝ «Զենիթում», 2003-2004թթ.՝ «Տորպեդո-Մետալուրգում», 2004-2012թթ.՝ «Փյունիկում»:
Հայաստանյան ֆուտբոլի լեգենդը 10 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, 5 անգամ դարձել Հայաստանի Սուպերգավաթակիր, «Զենիթի» կազմում նվաճել է Ռուսաստանի գավաթը:
Հովսեփյանը երեք անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: