Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին խոստովանել է, որ իր խորհրդականները նախկինում մասնակցել են հայաստանյան ընտրություններին՝ քարոզարշավներ կազմակերպելով, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Ամերիկյան լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Ֆլորիդայում տեղի ունեցած մասնավոր մի ընթրիքի տեսագրություն, որտեղ հանրապետական թեկնածուն, խոսելով իր նախընտրական թիմի արժանիքների մասին, նշում է. – «Ես խորհրդականների արտակարգ, փորձված ու հաջողակ մի թիմ ունեմ, որոնցից մի քանիսը քարոզարշավներ են կազմակերպել ողջ աշխարհով մեկ` Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում»:
Ռոմնին, չցանկանալով բացահայտել, թե հատկապես որ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին են աշխատել իր խորհրդականները հայաստանյան ընտրարշավների ժամանակ, խոսել է իսրայելական վերջին ընտրություններից:
«Իմ խորհրդականները աշխատել են Բիբի Նաթանյահուի հետ, և նրանք բավական լավ են հասկանում, թե որ գովազդը կաշխատի, որ գործընթացներն են քարոզարշավի ընթացքում ավելի արդյունավետ, և մենք որոշակի գաղափարներ ունենք, թե ինչ է հարկավոր անել նախընտրական արշավի ընթացքում», – նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն: