Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա և փորձել այն սիրտը մտցնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել և վնասել է Արտակի ձեռքը:
Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրը. ««Նուբարաշենում» նման բան չի եղել»:
Թերթի աղբյուրները, այնուամենայնիվ, վստահեցնում են, որ չի բացառվում, թե կատարվածն առնչություն ունի «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:
Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար: