«Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է «Արմավիա» ընկերության սպասարկումը՝ պարտքերի պայմանագրային ձևակերպումը գերազանցող կուտակման պատճառով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Զվարթնոցի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը: Նա նկատել է, որ սա «Արմավիա» ընկերության կողմից պարտքերի վճարումներն ուշացվելու առաջին դեպքը չէ, սակայն այժմ պարտքը չափազանց մեծ է, և մինչև այն չմարվի, ավիաընկերությանը թույլ չի տրվի թռիչքներ կատարել «Զվարթնոց» օդանավակայանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մարտին, «Արմավիան» պահանջում էր օդանավակայանից իրեն հատուկ արտոնություններով՝ 25% պակաս սակագներով սպասարկել որպես ազգային փոխադրողի: Թեև «Զվարթնոցը» հայտարել էր, որ գնում է փոխզիջումների, «Արմավիայի» մամլո ծառայությունը հերքել էր դա՝ ասելով, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
«Զվարթնոցի» կտրուկ քայլը՝ դադարեցնել սպասարկումը Անկախության տոնին ընդառաջ, ճիշտ չէ, կարծիք է հայտնել «Արմավիա» ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:
Նա նշել է, որ քանի որ շաբաթ-կիրակին հանգստյան օրեր են, երկուշաբթին ևս ոչ աշխատանքային էր (մեռելոց), իսկ գալիք ուրբաթ օրը ևս ոչ աշխատանքային է, ապա պարտքերի արագ կատարել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է առաջիկա օրերի համար տոմս գնած ուղևորների փոխհատուցմանը, Ավետիսովայի խոսքով՝ այդ հարցը դեռ ճշտված չէ, քանի որ թռիչքները չեղյալ համարելը ավեաընեկությաւն մեղքով չէ: Այնուամենայնիվ, այն ուղևորները, որոնք մոտեցել են ավեաընկերության պատուհաններին, ստացել են սնունդ, տեղ, տաք իրեր: