Home / Հայաստան / Հենո-շոու Չեմպիոնների Լիգայում. ճանապարհ դեպի եվրոպական ֆուտբոլի գագաթ

Հենո-շոու Չեմպիոնների Լիգայում. ճանապարհ դեպի եվրոպական ֆուտբոլի գագաթ

Չեմպիոնների Լիգայի 2012/2013 մրցաշրջանի խմբային մրցաշարի առաջին տուրը պատմական դարձավ հայաստանյան ֆուտբոլի համար: Առաջին անգամ հայաստանցի ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ Լիգայի հիմնական փուլի խաղում, ապա գրանցեց նաև առաջին դուբլը: Ուկրաինական «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը 44-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը դանիական «Նորդշյելանդի» հետ խաղում, իսկ 76-րդ րոպեին ևս մեկ գնդակ խփեց՝ հաղթանակ բերելով իր թիմին 2:0 հաշվով:

Սեպտեմբերի 19-ին խփած Մխիթարյանի երկու գնդակները տրամաբանական շարունակությունն են այն խաղի, որ Հենոն այս տարի ցուցադրում է «Շախտյորում»: Այս մրցաշրջանի 10 հանդիպումներում Մխիթարյանը 14 գոլի հեղինակ է դարձել (12-ը՝ առաջնությունում, 2-ը՝ Չեմպիոնների Լիգայում): Սակայն Հենրիխի կարևորությունն  այն է, որ նա ոչ միայն եզրափակում է իր թիմի գրոհները, այլ նաև մասնակցում դրանց՝ հաճախ մեկնարկային փուլից մինչև ավարտ:

«Նորդշյելանդի» հետ խաղում Հենրիխի դուբլը, իհարկե, ամենարժեքավոր նվաճումն է եվրոպացի միջին երկրպագուի աչքերում, սակայն ավելի կարևոր է, որ Մխիթարյանն աչքի ընկավ իր հիանալի խաղում՝ լավ մեքենայի հզոր շարժիչի նման աշխատելով ողջ հանդիպման ընթացքում: Նրա խփած գնդակներն էլ աշխատանքային էին. առաջին դեպքում Մխիթարյանը երկար պոկում կատարեց և, ներխուժելով տուգանային հրապարակում ստեղծված ազատ գոտի, արձագանքեց եզրից կատարած Լուիզ Ադրիանոյի փոխանցմանը ու ոչ շատ ուժեղ, բայց դիպուկ հարվածով գրավեց Հանսենի պաշտպանած դարպասի մոտ անկյունը:

Երկրորդ դեպքում նա ինքն էր փոխանցում կատարում տուգանային հրապարակի կենտրոն, պաշտպանը փակեց փոխանցման ճանապարհը, սակայն հայաստանցի ֆուտբոլիստն առաջինը հասավ գնդակին և դարձյալ գրավեց մոտ անկյունը: Մինչ գոլը Հենրիխը ևս մեկ պահ ուներ, բայց այդ դրվագում դարպասապահը փրկեց դանիական ակումբին:

Ուկրաինայի առաջնությունում ցուցադրած իր խաղով Հենրիխն արդեն գրավել է եվրոպական առաջատար մասնագետների ուշադրությունը: Բայց Չեմպիոնների Լիգան յուրահատուկ թեստ է, որի առաջին հատվածը Մխիթարյանը պատվով անցավ: Երկու տարի առաջ, երբ նա իր թիմի կազմում նոր էր մեկնարկել Լիգայում, նման վստահության մասին խոսք լինել չէր կարող: «Շախտյորի» հաջորդ մրցակիցը Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսն է», ապա Լոնդոնի «Չելսին», և եթե այդ խաղերում էլ Հենոն իրեն նման կերպ դրսևորեց, ապա նա իր հստակ տեղը կզբաղեցնի եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի աստղերի շարքում:

Նշենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի վարկածով Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց:

Տուրի արդյունքները.

E խումբ

Չելսի (Անգլիա) – Յուվենթուս (Իտալիա) 2:2

Շախտյոր (Ուկրաինա) – Նորդշյելանդ (Դանիւա) 2:0

F խումբ

Լիլ (Ֆրանսիա) – ԲԱՏԵ (Բելառուս) 1:3

Բավարիա (Գերմանիա) – Վալենսիա (Իսպանիա) – 2:1

G խումբ

Բարսելոնա (Իսպանիա) – Սպարտակ (Ռուսաստան) 3:2

Սելթիկ (Շոտլանդիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 0:0

H խումբ

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Գալաթասարայ (Թուրքիա) 1:0

Բրագա (Պորտուգալիա) – Կլուժ (Ռումինիա) 0:2