Վրաստանի խորհրդարանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից (ղեկավարը հանրապետության նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է) պատգամավորի թեկնածու Գեորգի Կարբելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է բանտ գնալ թբիլիսյան բանտում կալանավորների խոշտանգումների շուրջ ծավալված սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է «Georgia Online»-ը:
«Ես պատրաստ եմ ժամանակավորապես բանտ նստել մինչև կալանավորների գործով դատաքննության վերջնական ավարտը»,- նշել է պատգամավորության թեկնածուն Կարբելաշվիլին:
Թե ինչ կարգավիճակում է նա պատրաստվում բանտում ժամանակ անցկացնել, չի հստակեցվում:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարության ղեկավար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական էր տվել Թբիլիսիի Գլդանսկի բանտում կալանավորների հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստի բացահայտման պատճառով:
Վրաստանի ՆԳՆ-ն երեքշաբթի հաղորդել էր, որ բանտում կալանավորների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտվել: Հետաքննության տվյալներով՝ բանտի մի խումբ աշխատակիցներ «անմարդկային վերաբերմունքի էին արժանացնում բանտարկյալներին և այդ ամենը տեսանկարահանում»:
ՆԳՆ-ն տեսանյութերից մի հատված տեղադրել էր իր պաշտոնական կայքում` ընդգծելով, որ սա այն նյութերի նվազագույն քանակն է, որն ունի հետաքննությունը, քանի որ մնացած կադրերը հանրային դիտման համար անթույլատրելի են: Սակայն երեկոյան «9-րդ ալիք» և «Մաեստրո» հեռուստաալիքները եթերում դաժան ծեծի և բռնաբարության ցնցող կադրեր էին ցուցադրել: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ով ներկայումս Բելգիայում է գտնվում: Վերջինս «9-րդ ալիքի» հետ զրույցում հայտարարել էր, որ բանտարկվածներին խոշտանգում էին ՆԳ նախարար Բաչո Ախալայայի հրամանով, այդ մասին տեղյակ է եղել նաև Խաթունա Կալմախելիձեն:
Արդեն երկու օր է՝ Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները: