Եվրոպայի խորհդրի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը «զուսպ գոհունակությանբ» է գնահատել Հայաստանում անցակացված սեպտեմբերի 9-ի և 23-ի ՏԻՄ ընտրությունները: Այս մասին պատվիրակության ներկայացուցիչները հայտարարել են այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Պատվիրակության նախագահ Անրի Ֆեդալն ասել է, որ ընտրությունների մեծագույն թերությունը համարում են քաղաքական կուսակցությունների ցածր մասնակցությունը: Թերի են համարել նաև ընտրական տեղամասերի տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես, հարմարություններ չկային հաշմանդամների համար:
Ֆեդալը հայտարարել է, որ բացահայտ ընտրախախտումների ականատես չեն եղել, ընտրակաշառքի բաժանում իրենց աչքի առաջ ևս չի եղել, թեև պատվիրակը ընդունել է, որ դա դեռ չի նշանակում, որ ընտրակաշառք չի բաժանվել առհասարակ:
Զեկուցողի խոսքով՝ քաղաքացիների ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրություններին, սակայն խնդրահարույց է եղել տարեց մարդկանց ուղեկցելու բազում դեպքերը:
«Մենք նկատել ենք ընտրատեղամասերում տղամարդկանց կուտակումներ: Այդ մասին ևս հայտնել ենք Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին»,- ասել է Անրի Ֆեդալը: Իսկ այն հարցին, թե ինչ արձագանք է տվել նախարարը այդ դիտարկմանը՝ կոնգրեսի ներկայացուցիչը ասել է, որ որևէ պատասխան նա չի տվել, ինչը բնական է, քանի որ, Ֆեդալի կարծիքով, մարդկային կուտակումներ նորմալ են, դրանք լինում են նաև իր հայրենի Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ:
Թանաքների հետ խնդիր այս պատվիրակությունը ևս չի նկատել: Մեր հարցին, թե արդյոք զեկույցում անդրադարձ կատարվել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջադեպին՝ Ֆեդալն ասել է, որ այդ մասին ևս պատրաստվում են հայտնել Արմեն Գևորգյանին՝ հաջորդ հանդիպման ժամանակ:
«Ժողովրդավարությունը անհնար ստանդարտներ է սահմանում, ոչ մի երկրում չկա 100% մասնակցություն, անթերի ընտրություններ: Մենք, սակայն ձեզ մոտ դրական տեղաշարժ տեսնում ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է անցել: Թույլ տվեք, վերջում շնորհակալութոյւն հայտնել: Դուք շատ հյուրընկալ ժողովուրդ եք: Մեզ համար հաճելի էր շփվել ձեզ հետ»,- հանդիպման վերջում ասել է պատվիրակության իռլանդացի ներկայացուցիչ Բրեյն Մինին: