Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը խորապես մտահոգված է Սիրիայում բնակվող հայերի ճակատագրով, ասված է Միության հայտարարության մեջ:
«Քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով այսօր նրանք հայտնվել են դժվարին կացության մեջ և բնականաբար հայացքը ուղղել են մայր Հայրենիքին… Հայաստան եկող հատկապես գործարարների համար առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, որի նախագահության նիստը սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ընդունեց գործնական որոշում» , – նշված է հայտարարության մեջ։
Այսպիսով, Միությունը պատրաստ է.
– Տրամադրել աշխատատեղ կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար
– Խորհրդատվությամբ, Միության կապերն ու մյուս լծակները օգտագործելով՝ աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու, նրանց գործող բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում
– Աջակցել Միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանի գործարար և բարոյահոգեբանական մթնոլորտին
– Կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման ուսուցման դասընթացներ սկսնակ գործարարների համար
– Գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, փոփոխություններին՝ նոր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու համար
– Անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում:
Միության ներկայացուցիչները նշում են, որ Միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները և առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ՝ աշխատանքային խումբը համագործակցելու է Հայաստանի Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների և խնդրին առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ։