Արձագանքելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով արաբական մի շարք երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա իրագործված հարձակումների շուրջ ստեղված իրավիճակին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ իսլամաֆոբիան պետք է ճանաչվի որպես հանցագործություն մարդկության դեմ: Մարդու իրավունքների պաշտպանության, լրագրության և իրավագիտության ոլորտում գործող մասնագետները, իրենց հերթին, արձագանքել են Էրդողանի հայտարարությանը՝ նշելով, որ ինքը՝ Թուրքիան, հանցագործությունների և ատելության հաղթահարման ուղղությամբ դեռ բավական աշխատանք ունի տանելու:
«Այս առումով Թուրքիան սարսափելի ցուցանիշներ ունի»,- Today’s Zaman պարբերականում գրում է հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը:
Նրա խոսքով՝ ատելություն պարունակող հայտարարությունները և այդ հողի վրա իրագործվող հանցագործությունները միանգամայն տարածված են Թուրքիայում և չեն պատժվում:
Թուրքիայում ատելության զոհ են դառնում հիմնականում ազգային փոքրամասնությունները: Հայ կամ քրիստոնյա լինելը բավարար է ազգայնական խմբերի կողմից վիրավորանքի արժանանալու համար, միաժամանակ ատելության թիրախ են դառնում նաև գնչուները: Եվ խնդիրը, ինչպես նշում է պարբերականը, դժբախտաբար նրանում է, որ Թուրքիան ատելության կոչերը դատապարտող օրենքներ չունի, բացի քրեական օրենսգրքում ամրագրված մեկ հոդվածից:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում «մարդկանց միջև ատելության և թշնամանք հրահրելու համար», սակայն մասնագետներն ընդգծում են, որ սովորաբար հոդվածը չի օգտագործվում դատախազների կողմից ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների: Արդյունքում, ատելության հանցագործությունները որպես սովորական հանցագործություն են դիտարկվում, իսկ ատելության կոչերը պարզապես արհամարհվում են:
Գալաթասարայի համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի մասնագետ Յասեմին Ինչեօղլուն նշում է, որ ատելության կոչերի ու հանցագործությունների հետ կապված պատկերը Թուրքիայում բավական մռայլ է:
«Ատելության կոչերը մեր առօրյա կյանքի մի մասն են»,- Today’s Zaman–ի հետ զրույցում ասել է Ինչեօղլուն՝ նշելով, որ թուրքական ԶԼՄ-ներում ատելության կոչերի հիմնական թիրախը քրդերն են, հայերն ու բի/տրանսսեքսուալները:
Շատ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ թեև ատելության հանցագործությունը կարող է մեկ անհատի դեմ ուղղված լինել, այն հաղորդագրությունը, որն իր մեջ պարունակում է տվյալ գործողությունը, ուղղված է մի ամբողջ խմբի, որի անդամ է այդ անհատը, և հետևաբար այստեղ ոչ միայն անհատն է հանցագործության թիրախ, այլև ողջ խումբը:
«Ատելության հանցագործության համար նախատեսված պատիժը շատ ավելի ծանր պետք է լինի, քան նման դրդապատճառներ չունեցող հանցագործությունների դեպքում, քանի որ այն պետք է ստիպի մարդկանց խուսափել ապագայում նման գործողություն կատարելուց:
Միգուցե և ատելության հանցագործությունների հարցում արևմտյան երկրներն ավելի լավը չեն, քան Թուրքիան: Սակայն արևմուտքում, ոստիկանությունը պետք է հաղորդագրութուն տա այն մասին՝ արդյոք հանցագործությունը կարող է որակվել որպես ատելության հողի վրա կատարված՝ թույլ տալով և քաղաքական գործիչներին և հանրությանը հետևել գործի ընթացքին: Թուրքիայում, սակայն, համապատասխան տվյալներ չեն հավաքում, և ոչ էլ հանրությանն են ներկայացնում»,- ասել է Ատելության հանցագործությունների օրենսդրական պլատֆորմի խոսնակ Լևենտ Շենսեվերը:
Ինչպես նշում է պարբերականը, Էրդողանի նախաձեռնությամբ կառավարությունը սկսել է աշխատել «հայհոյանք և վիրավորանք պարունակող արտահայտությունների» մասին օրինագծի վրա: էրդողանը հույս է հայտնել, որ «այս հարցում Թուրքիան կկարողանա անգամ օրինակ ծառայել ողջ աշխարհին»: