2011 թվականին ՀՀ պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 129 միլիոն ԱՄՆ դոլար, որից արտաքին պետական պարտքը՝ 3 միլիարդ 568,2 միլիոն ԱՄՆ դոլար:
Այդ մասին այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին պարտքի չափի մասին հարցի:
Ջանջուղազյանը արտաքին պարտքի երկու մաս է առանձնացրել, մեկը՝ նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար տրամադրվող միջոցներ, մյուսը՝ բյուջետային միջոցների համար տրամադրվող գումար:
«Նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար տրամադրվող միջոցները տրամադրվում են ճիշտ այն չափով, որքանով այդ ծրագրերը իրականացվել են: Եթե ծրագրի իրականացման աստիճանը ենթադրենք 40 տոկոս է, ապա այդ 40 տոկոսի չափով էլ հենց աղբյուրը, արտաքին դոնորը տրամադրում է այդ միջոցները, ինչ վերաբերում է ոչ նպատակային բյուջետային աջակցման նպատակով տրամադրվող միջոցներին, ապա այս դեպքում դրանք որպես կանոն տրամադրվում են այն չափով, որքան նախատեսված են, թեպետ այստեղ պետք է նկատի ունենալ, որ որոշ դեպքերում օրացույցների տարբերություն է լինում դոնորի և մեր բյուջեի: Եվ այդ կապակցությամբ որոշակի գումարների տրամադրում կարող է հետաձգվել, ինչը փաստորեն բացառություն չէ: 2011 թվականին դա տեղի ունեցավ, ԵՄ-ի կողմից տրամադրված վարկային միջոցները մենք ստացանք փաստացի 2012 թվականին, թեպետ դրանք նախատեսված էին, բյուջետավորված էին և՛ մեր, և՛ ԵՄ-ի 2011 թվականի բյուջեներով: Ընթացակարգային առումով զուտ դրա տրամադրումը հետաձգվեց և դա փաստացի պետական բյուջեում մուտքագրվեց 2011 թվականին: Թերևս սրանով է պայմանավորված էդ շեղումը»,- ասել է Ջանջուղազյանը:
Փաշինյանը նաև հարցրել է, թե 2013 թվականի պետական բյուջեում որքան գումար են տրամադրելու արտաքին պարտքի և պետական պարտքի սպասարկման համար, ինչին ի պատասխան Ջանջուղազյանը նշել է, որ այս պահին դեռ ինքը թերևս ձեռնպահ կմնա հարցին պատասխանելուց: