Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով երկրորդ դատական նիստը, որը շատ կարճ է տևել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալներից մեկը՝ Արման Խաչատրյանը, չուներ պաշտպան, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվել էր: Այսօր դատարան է ներկայացել Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը և 7 օր ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է միջնորդությունը և հետաձգել է դատական նիստը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ, ինչպես առաջին նիստում ապահովված չէ լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ:
Գրիգորյանի խոսքով՝ թեև այս անգամ տեղադրվել են բարձրախոսներ, սակայն միևնույն է դատական գործընթացը լսելի չէ լրագրողների համար: Պատճառն այն է, որ առաջին շարքերը զբաղեցնում են քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնց գործառույթները, Գրիգորյանի խոսքով, անիրավաչափ են, քանի որ դատարանում անվտանգության ապահովման խնդիր չկա:
Դատավորն ասել է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը կընդունի ի գիտություն:
Դատական նիստից հետո Epress.am-ը հետաքրքրվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից, թե արդյոք դատական գործընթացի ձգձգումը դիտավորություն չէ: Նշենք, որ նման կարծիքներ էին հնչել դահլիճում նախորդ դատական նիստի ժամանակ:
«Դատավորի որդեգրած կուրսի մասին մենք հայտարարություն պետք է անենք: Հայտարարության մեջ կանդրադառնանք նաև ձգձգելու փաստին: Սակայն այդ հայտարարությունն այս պահին անել նպատակահարմար չէ, քանի որ դեռևս դատարանում անելու միջնորդություններ ունենք», – ասել է Եգորյանը
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբեր 3-ին, ժամը 14:30-ին: