Երեկ Հայաստանի մի քանի մարզերում կայացած Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում (ՏԻՄ) հիմնականում հաջողության է հասել ՀՀԿ:
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի խոշոր կենտրոններից միայն մեկում՝ Գավառում է հաջողությունն ուղեկցել անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանին, ով ստացել է 5530 ձայն և շրջանցել մյուս երեք թեկնածուներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այսօր առավոտյան 10:00-ի դրությամբ հրապարակած տվյալների համաձայն, Գավառի ընտրություններում երկրորդն է եղել անկուսակցական Դմիտրի Իսպիրյանը՝ ստանալով 1159 քվե, մինչդեռ ՀՀԿ-ական Գրիշա Հովեյանը հավաքել է 766 ձայն:
Վարդենիսում ՀՀԿ-ական Վալոդյա Խլոյանը ստացել է 3346 քվե և շրջանցել է ԲՀԿ-ական Աշոտ Մարտիրոսյանին, ով հավաքել է 2195 ձայն:
Մարտունիում 3332 ձայնով մյուս երկու թեկնածուներին հաղթել է ՀՀԿ-ական Բագրատ Հարությունյանը, իսկ Ճամբարակում և Սևանում մեկական թեկնածու է եղել, և քաղաքապետեր են դարձել, համապատասխանաբար, Յուրիկ Ավալյանը և Ռուդիկ Ղուկասյանը՝ երկուսն էլ ՀՀԿ-ից:
Նույն իրավիճակն է եղել Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, որտեղ քաղաքապետ է դարձել միակ թեկնածու ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը:
Իսկ ահա նույն մարզի Աշտարակ քաղաքում հաղթել է անկուսակցական Արմեն Անտոնյանը՝ 4745 քվե:
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հաղթել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ նույնպես ԲՀԿ-ական, գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ հավաքելով 10186 ձայն, մինչդեռ անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը ստացել է 1778 քվե:
Ծաղկաձորում «Ժառանգության» թեկնածու Հովիկ Հակոբյանը զիջել է ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանին:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հաղթել է ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, իսկ Վայքում՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը:
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ԲՀԿ-ական Ժորա Սահաբալյանի և ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանի պայքարն ավարտվել է վերջինիս հաղթանակով: Բերդում և Նոյեմբերյանում համայնքի ղեկավար նույնպես ՀՀԿ-ականներն են ընտրվել՝ Հարություն Մանուչարյանը և Վանուշ Ամիրաղյանը: