2012 հունվարի 27-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում սպանված 18-ամյա Փայլակ Շահնազարյանի հարազատները այսօր հնարավորություն չեն ունեցել գնալ ու մասնակցել Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք դատական նիստին: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մորաքույրը` Համեստը, որպես պատճառ բերելով մի շարք հանգամանքներ:
«Հեռավորությունը մի կողմից, մյուս կողմից ֆինանսականը թույլ չտվեցին, որ գնանք Ղարաբաղ: Հայրը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ տառապում է հոգեկան խանգարումով, ինչը միշտ իմացել են զինկոմիսարյատում, բայց առանց հաշվի առնելու թուղթը ուղարկել են ու տարել են բանակ», – պատմել է մորաքույրը՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում բոլորին է հայտնի, ինչպիսի անապահով վիճակում է գտնվում քրոջ ընտանիքը:
Նա նաև նշել է, թե իրենք չեն հետաքրքրվել, թե արդյո՞ք տղային իրավունք են ունեցել բանակ զորակոչել՝ «պավեստկեն էկել ա, ինքն էլ գնացել ա»:
Մորաքույրը պատմել է սպանության մանրամասները՝ համաձայն գործում առկա նյութերի:
«Դեպքի օրը ինչ-որ մեկը ատամի պաստա ա քսել քրոջս տղու ու էլի զինվորներից մեկի սապոգներին, երբ փորձել են պարզել, թե ով է պաստան քսել, տղաներից մեկն ուշունց ա արել, էլ չեմ կարող ասել ինչ, իրար հետ զրույց են արել, բայց կարդացել եմ, որ Փայլակը կանգնած ա եղել ճաշարանի դռան մոտ, զինվորներից Խաչատուր Սարգսյանն անցել է կողքով ու ուսով բրթել, թե «այ, գ…, հեռու ճանփիցս», հետո սկսել ա մեր քրֆել ու տարել ա պոստեր, որտեղ էլ ծեծելով սպանել ա», – պատմել է մորաքույրը՝ ավելացնելով, որ տղան մահացել է ծեծից անմիջապես հետո:
Մորաքույրը նաև ասել է, որ իրենք չգիտեն, թե ինչ ընթացք կունենա դատական նիստը:
«Առաջին դատական նիստը հետաձգեցին, քանի որ վկա զինվորները չկային: Հիմա էլ ի՞նչ իմանանք, ոչ կարանք գնանք, տեսնենք՝ ինչ են անում, փաստաբան ունենալու հնարավորություն չունենք: Մենք դաժե չգիտենք՝ ինչ կանեն, ինչ չեն անի: Կուզեն կազատեն, կուզեն կպահեն», -շեշտել է մորաքույրը:
Առաջին դատական նիստի ընթացքում մեղադրյալ Սարգսյանն ասել է, որ «ով դեմս դուրս գար, սպանելու էի»՝ պատճառաբանելով, որ հալյուցինացիաներ է ունենում: