Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստը` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր հուլիսի 1-ի գիշերը՝ ժամը 02.15-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու մեղադրանքով: Այժմ նա անցնում է 235 հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, կրելը) և 4-րդ (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը) մասերով:
Առաջին մասով նրան սպառնում է 3 ամսից մինչև 3 տարի ազատազրկում, 4-րդ մասով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ մինչև 2 տարի ազատազրկում:
Սամվելյանը ամուսնացած է, նրա խնամքի տակ են գտնվում կինը, 14 և 17 տարեկան երեխաները և թոշակառու հայրը: Ծառայել է Մայրաքաղաքային գնդում որպես հրամանատարի տեղակալ:
Այսօրվա նիստի մեկնարկին Սամվելյանի իրավունքների պաշտպան Հովհաննես Հարությունյանը հինգ րոպե իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո միջնորդել է գործը քննել արագացված դատաքննությամբ:
Նշենք, որ արագացված դատաքննության ժամանակ մեղքն ընդունելու և դատավճռով մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալի պատիժը կարող է լինել հոդվածով առավելագույն պատժի երկու երրորդից ոչ ավել:
Մեղադրող դատախազ Տիգրան Հարությունյանը կարդացել է մեղադրականը, համաձայն որի Սամվելյանը 40 հատ փամփուշտ, G1 տեսակի նռնակ, դրա համար նաատեսված պայթուցիչներ, OSP տեսակի հաղորդալար, և այլ զենքեր է տեղափոխել իր տան ավտոտնակ, ապա հուլիսի 1-ին այդ պայթուցիկները տեղափոխել է «Հարսնաքար» ռեստորան: Բացի դա, այդ օրը նա կրել է ատրճանակ:
«Հարսնաքարում» այդ զենքերը նա ոստիկաններին է հանձնել՝ հրաժարվելով պայթեցնելու մտքից: Ամբաստանյալը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում: Տիգրան Հարությունյանը առաջարկել է Սամվելյանին 6 ամսվա ազատազրկման ենթարկել և տուգանել նրան 200 հազար դրամով: Մեղադրյալի պաշտպանը, սակայն, միջնորդել է 6 ամսվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառել և բավարարվել միայն տուգանքով, քանի որ նրա խնամքի տակ են գտնվում 2 անչափահաս երեխաներ և թոշակառու հայրը: Դատավորը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Սամվելյանի մտերիմներից մեկը, ով չէր ցանկացել ներկայանալ, պատմել էր նրա արարքի դրդապատճառների մասին:
«Վարդանը հուլիսի 1-ին մասնակցել է մոմավառությանը: Այն պահին, երբ «Հարսնաքարի» մոտ մի խումբ մարդիկ մոմեր վառելով հարգել են Վահե Ավետյանի հիշատակը, ռեստորանում միաժամանակ հարսանեկան արարողություն է ընթացել, ինչն ավելի ուշ ուղեկցվել է հրավառությամբ: Այս փաստից սարսափելի նյարդայնացած ու բորբոքված՝ նա սպասել է մինչ հարսանեկան արարողության ավարտը, և երբ շենքում այլևս ոչ ոք չի եղել, որոշում է կայացրել պայթեցնել այն», – պատմել է մեր զրուցակիցը:
Նա նաև նշել է, որ Վարդան Սամվելյանը հունիսի 17-ին «Հարսնաքարում» ծեծի ենթարկված և հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի ընկերն է եղել: