Home / Հայաստան / Արոնյանը հաղթանակով է սկսում «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը

Արոնյանը հաղթանակով է սկսում «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաջող մեկնարկ է վերցրել բրազիլական Սան-Պաուլու քաղաքում անցնող «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ առաջին փուլում:

Մեկնարկային պարտիայում Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Հայաստանցի գրոսմայստերին հաղթանակի հասնելու համար 30 քայլ է պահանջվել:

Իտալացի Ֆաբիանո Կարուանան նույնպես սպիտակներով հաղթել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենին, իսկ ահա աշխարհի չեմպիոն, հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Նշենք, որ այս մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստներ: Յուրաքանչյուր հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1:   Երկրորդ տուրում Արոնյանը սևերով մրցելու է Անանդի հետ: Մյուս զույգերն են՝ Կարյակին-Կարուանա, Վալյեխո-Կառլսեն:

«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին փուլն անցնում է Բրազիլիայում սեպտեմբերի 24-ից 29-ը, իսկ երկրորդ փուլը իսպանական Բիլբաոյում՝ հոկտեմբերի 8-ից 13-ը: