«Բնախեղդ ՎՏԲ», «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը միայն բնության պահպանության, այլ ոչ թե Թեղուտի սպանդի», «Թեղուտը հանք չի դառնա», «Թեղուտի անտառի սպանդի գլխավոր հովանավոր ՎՏԲ բանկ», այս և նմանատիպ պաստառներով ու «Ամոթ ՎՏԲ» վանկարկումներով այսօր մի շարք բնապահպաններ բողոքի ակցիա են անցկացրել ՎՏԲ բանկի մոտ՝ պահանջելով հետ կանգնել Թեղուտում հանքի շահագործման ծրագրից:
Նրանց խոսքով՝ ՎՏԲ -ն հանցավոր բանկ է և չունի բնապահպանական օրինաչափություն, ուստի իրավունք չունի իրականացնել որևէ բնապահպանական առաքելություն:
«Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը պետք է հետ կանգնի ՎՏԲ -ին հավաստագիր տալու գործընթացից: Մենք եկել ենք ՎՏԲ բանկին ասելու, որ պայքարում ենք, որպեսզի ինքը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից որևէ ֆինանսավորում չստանա»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:
Բնապահպանների խոսքով՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը պատրաստվում է հավաստագրեր տրամադրել մի քանի խոշոր կազմակերպությունների՝ այդ թվում նաև ՎՏԲ բանկին, որը պատուհաս է դարձել Հայաստանի գլխին:
Բանկին հանձնած դիմում-նամակում բնապահպանները բերել են փորձագիտական ուսումնասիրությունների եզրակցություններ, որոնք ապացուցում են, որ Թեղուտի հանքի շահագործումը կարող է ոչնչացնել անտառի բուսական և կենդանական աշխարհը, իսկ այդ ռիսկերին անդրադաձ չի կատարվել ACP ընկերության Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում:
Դիմումում հիշեցում է կատարվում նաև այն մասին, որ բնապահպանները բանկին ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները և մտահոգությունները դեռ 2008թ-ից, երբ ստորագրվեց վարկի տրամադրման պայմանագիրը ACP ընկերության հետ, սակայն որևէ պատասխան չեն ստացել ոչ Երևանի, որ Մոսկվայի մասնաճյուղերից:
«Սա մեր առաջին ակցիան չէ այս խնդրի հետ կապված ու նաև վերջինը չի լինելու: Մենք պահանջ են դրել, որ եթե ՎՏԲ -ն իրականացնի այս ծրագիրը՝ պետք է սև ցուցակ ընկնի ու միջազգային կազմակերպությունները ընդհանրապես չպետք է աջակցեն ոչ մի նախագծի համար» ,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ իրենց բողոք-նամակն են հանձնել Երևանում գտնվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներին:
Բնապահպաններն անցել են կառավարության շենքի մոտով՝ կոչ անելով կառավարության անդամներին ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե այլ պետությունների, որոշ անձանց կամ իրենց գրպաններին:
«Մեր կոչերը նախևառաջ ուղղված են ձեզ, դուք նշանակված եք մեր կողմից՝ ծառայելու մեզ՝ Հայաստանի հանրությանը: Դուք պարտավոր եք ծառայել հայ ժողովրդին, այլ ոչ թե օլիգարխներին: Այսօր՝ մեր բողոքի ակցիան նախևառաջ ձեր դեմ է», – ասել են ակտիվիստները: