Home / Տեսանյութեր / Եվրոպան հրաժարվել է Բելառուսի ընտրությունները ազատ և ժողովրդավար ճանաչել

Եվրոպան հրաժարվել է Բելառուսի ընտրությունները ազատ և ժողովրդավար ճանաչել

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ քննադատության է ենթարկել սեպտեմբերի 23-ին Բելառուսում անցկացված խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները: Շուլցը նշել է, որ դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ընտրությունների մասին հայտարարությամբ Եվրախորհրդարանի նախագահը հանդես է եկել սեպտեմբերի 24-ին: Հայտարարության մեջ նշվում է, որ Բելառուսը շարունակում է ոչ ժողովրդավար ճանապարհով ընթանալ՝ իր քաղաքացիներին զրկելով քաղաքացիական ազատություններից:

Շուլցի խոսքով՝ նման ընտրությունները, որոնք անցել են ընդդիմության առաջնորդների ազատազրկման մեջ գտնվելու և որոշ ընդդիմադիր կուսակցություններին ընտրություններին մասնակցելու արգելքի ֆոնին, «քմծիծաղ են ժողովրդավարական քվեարկության նկատմամբ»:

Եվրախորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ նման պարագայում Եվրամիությունը չի կարող հարաբերությունները վերականգնել Բելառուսի նորընտիր խորհրդարանի հետ:

Երեկ Բելառուսի խորհրդարանական ընտրությունները ոչ ժողովրդավար են անվանել նաև ԵԱՀԿ-ի դիտորդները՝ նշելով, որ «մրցակցություն չկար դեռևս քվեարկության մեկնարկից առաջ»: Իսկ ահա ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ընտրություններն անցել են «ընդունված ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եղել են ազատ և ապահովել են քաղաքացիաների կամընտրության իրավունքը»:

Նշենք, որ 110 պատգամավորից բաղկացած Բելառուսի խորհրդարանի ստորին պալատում չկա ընդդիմության և ոչ մի ներկայացուցիչ: