Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանին ունենալիք իրենց ելույթներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադառնալու են մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման փաստին ու դրան հաջորդած զարգացումներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Ռադիոկայանի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանը նշել է, թե սպասվող ելույթներն առավելապես քարոզչական նպատակներ են հետապնդելու։ Արտգործնախարարներից յուրաքանչյուրը փորձելու է հիմնավորել այդ աղմկահարույց դեպքով պայմանավորված՝ իր երկրի վարքագծի ճշմարտացիությունը։
«Հայաստանի համար սա շատ լավ պատեհություն է՝ հայկական կողմի հիմնական մտահոգությունները ևս մեկ անգամ բարձրաձայնելու և հստակեցնելու առումով», – ընդգծել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահը. «Սա իրոք ոչ միայն ազգի ինքնորոշման խնդիր է, այլ ինքնապահպանության։ Այսինքն՝ գոյատևման խնդիր է լուծվում այստեղ։ Պետք է հիշեցվի Սումգայիթի դեպքերը և բացատրվի, որ 70 տարիների ընթացքում այդ ժողովուրդը տարբեր հետապնդումների է ենթարկվել և այլևս անհնարին է պատկերացնել որևէ լուծում այսօրվա Ադրբեջանի կազմում»:
Ըստ Արզումանյանի՝ ՄԱԿ-ում կան նաև այլ կարևոր խնդիրներ, որոնցով հայկական դիվանագիտությունն անպայմանորեն պետք է զբաղվի։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից օրակարգ մտցված երկու բանաձևերի նախագծերին, որոնցից մեկը, մասնավորապես, «Օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին» անվանումը կրող նախագիծն է։
Նախկին արտգործնախարարի գնահատմամբ, այդ նախագծերը «Մարտի 1»-ի արգասիքն են։
«Երբ Հայաստանի արտաքին գերատեսչությունը զբաղված էր «Մարտի 1»-ի դեպքերը կոծկելով, Ադրբեջանը կարողացավ այդ բանաձևը մտցնել օրակարգ, և դա նշանակում է, որ այլևս յուրաքանչյուր նստաշրջանում այդ հարցը արծարծվելու է», – նշեց Արզումանյանը։
Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը սպասվում է սեպտեմբերի 28-ին, Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա հոկտեմբերի 1-ին։