Օրերս կյանքից հեռացած ռուսաստանյան զինվորական և պետական գործիչ, 1992-1996 թթ.-ին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի անձի և Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ նրա վերաբերմունքի մասին ադրբեջանական Vesti.az կայքը զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևի հետ, ով, ինչպես ինքն է նշում, ժամանակին ընկերական հարաբերություններ է ունեցել Գրաչյովի հետ:
Գազիևը, մասնավորապես, անդրադարձել է 1992 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ Տաշկենտում պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում պետք է պաշտոնական արձանագրություն ստորագրվեր Ադրբեջանի տարածքից ռուսաստանյան զորքերի դուրս բերման մասին: Ադրբեջանի նախկին նախարարի խոսքով՝ Տաշկենտի հյուրանոցում Գրաչյովն իրեն խորհուրդ էր տվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովի վերականգնման վերաբերյալ խոսել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հետ: Գազիևը դեմ էր Մութալիբովի վերադարձին:
«Սկսվեց ԱՊՀ անդամ երկրների նախագահների հանդիպումը…և հանկարծ հարբած վիճակում սրահ մտավ Ելցինը: Առավոտյան ժամը 10-ն է, իսկ Ռուսաստանի նախագահն արդեն ոչ սթափ վիճակում է: Անգամ նորմալ խոսել չի կարողանում: Նիստը բացեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով շնորհավորեց մեր պատվիրակությանը Այազ Մութալիբովի իշխանության գալու կապակցությամբ:
Նիստի ընդմիջումներից մեկի ժամանակ ուզում էի մոտենալ Ելցինին և խոսել նրա հետ: Նրա կողքին կանգնած էին Վիկտոր Բարաննիկովը (1992-1993թթ. ՌԴ Անվտանգության նախարար-խմբ.), Պավել Գրաչյովը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանի այն ժամանակվա Պաշտպանության նախարարը: Ելցինը գրկում է Տեր-Պետրոսյանին, համբուրում և բարձր ձայնով ասում. «Լսի, Լևոն Ակոպովիչ, էդ թուրքերին քո առջև ծնկի կբերեմ»: Այդ ընդմիջման ընթացքում չկարողացա խոսել Ելցինի հետ:
Բայց հաջորդ ընդմիջմանը ինձ հաջողվեց դա անել: Ելցինը նստած մնաց իր բազկաթոռին նիստերի դահլիճում, իսկ նրա մոտ կանգնած էին Գրաչյովն ու Բարաննիկովը: Ես մոտեցա նրան ու ասացի. «Բորիս Նիկոլաևիչ, ես ոչ միայն Ադրբեջանի Պաշտպանության նախարարն եմ, այլ նաև Ազգային ճակատի կառավարության անդամ: Հենց այն մեկի, որը ձեզ պաշտպանեց օգոստոսյան հեղաշրջման ժամանակ: Իսկ հիմա դուք պաշտպանում եք Մութալիբովին, ով «Պրավդա» թերթին տված հարցարույցում Ձեզ շիզոֆրենիկ էր անվանել, և ով միշտ Գորբաչյովին է սատարել»: Այդ ժամանակ Ելցինը գլուխը թեքեց իր հետևում կանգնած Գրաչյովի կողմն ու մռնչաց «Թողնել»: Միայն մի քանի օր անց հասկացա, որ նա հրամայել էր Գրաչյովին դադարեցնլ Մութալիբովին սատարելը»,- մասնավորապես, պատմում է Գազիևը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան միշտ հայամետ են եղել:
«Դա գաղտնիք չէ: Իսկ Գրաչյովը Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր և կատարում էր իր գլխավոր հրամանատարի հրամանները, ով ինչպես ավելի վաղ ասել էի, խոստացել էր հայերի դիմաց թուրքերին, այսինքն մեզ, ծնկի բերել:
Շշուկներն այն մասին, թե Գրաչյովի մայրն ու կինը հայ են, կեղտոտ սուտ է: Ես հիանալիորեն գիտեմ, որ թե նրա մայրը, թե կինը զտարյուն ռուսներ են: Իսկ մեր ուռա-հայրենասերների հայտարարություններն այն մասին, որ Գրաչյովի մայրն ու կինը հայուհիներ են, Պավել Սերգեևիչին հունից հանում էին, վրդովվեցնում և տրամադրում Ադրբեջանի դեմ: Ի՞նչ իմաստ ուներ նման հայտարարություններ անել:
Գրաչյովի հետ իմ լավ հարաբերությունների շնորհիվ մենք խորհրդային բանակի սեփականության բաժանման ժամանակ ավելի մեծ բաժին ստացանք, քան նախատեսվում էր: Չմոռանանք նաև Աղդերինսկի օպերացիայի մասին, որն իրագործվել էր ռուսաստանցի դեսանտնիկների կողմից: Հայերին այն ժամանակ մի լավ նեղեցինք: Իսկ մեզ օգնելու հրաման տվել էր Գրաչյովը: Պետք չէ նաև մոռանալ, որ այն ժամանակ մենք ազատագրեցինք Լեռնային Ղարաբաղի տարածքի 52%-ը: Եվ դա՝ շնորհիվ ռուսաստանյան զորքերի», – պատմել է Գազիևը: